Թեեւ Շոտլանդիայի հանրաքվեում հաղթել են Միասնական Մեծ Բրիտանիայի կողմնակիցները, այդ քվեարկության անցկացման փաստը ոգեւորել է Եվրոպայի մյուս երկրների ազգայնականներին:

Նրանք, ովքեր ցանկանում են Եվրոպայի պետություններն իրենց այժմյան տեսքով պահպանել, հանգիստ շունչ քաշեցին Շոտլանդիայի հանրաքվեից հետո: Սակայն Կատալոնիայի, Ֆլամանդիայի եւ Հարավային Տիրոլի ազգայնականները, ընդհակառակը,  իրենց շոտլանդացի «գործընկերների» հաղթանակի հույս էին փայփայում:  Նրանք ուրախության առիթ էլ ունեն. Շոտլանդիայի անկախության կողմնակիցները պարտվել են քիչ տարբերությամբ, ընդ որում՝ Լոնդոնից ինքնավարության իրավունքներն ընդլայնելու համաձայնություն ստանալով:

Եվրոպայի մյուս երկրներում անկախության կողմնակիցները նախկինի պես հուսով են նման քվեարկություններ անցկացնել: Զարմանալի չէ, որ տարածաշրջանային ղեկավարություններին զիջումների հարցում ԵՄ երկրների կառավարությունների վրա գործադրվող ճնշումն աճում է, գրում է «Deutsche Welle»-ն:

Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասը մտադիր է նման հանրաքվե անցկացնել 2014 թ. նոյեմբերի 9-ին: Եթե քվեարկողների մեծամասնությունը կողմ լինի Կատալոնիայի առանձնանալուն, ապա Մասը նման արդյունքը կգնահատի որպես քաղաքական մանդատ` Մադրիդի հետ  շրջանի անկախության վերաբերյալ բանակցությունների համար: Իսպանիայի կառավարությունը նման հանրաքվե անցկացնելու երեւույթը  անօրինական է գնահատում:

Հաջողության հույս ունի նաեւ «Ֆլամանդիայի նոր դաշինք» կուսակցության նախագահ Բարտ դը Վեվերը: Ազգայնականների առաջնորդը վստահ է, որ Բելգիան առանց այն էլ «կվերանա», այդ պատճառով էլ ցանկանում է Ֆլանդրիա ստեղծել` բանակցությունների ճանապարհով, փոխանցում է Pravda.ru-ն:

Հարավտիրոլյան «Ազատություն» կուսակցության համար Շոտլանդայի հանրաքվեի արդյունքը նվազ կարեւոր է, քան այն անցկացնելու փաստը:

Հարավային Տիրոլ գերմանալեզու շրջանը մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը պատկանել է Ավստրոհունգարական կայսրությանը, սակայն հետո անցել է Իտալիային:  Այսօր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին խոսում են նաեւ տարածաշրջանային երկու կուսակցություն, բացի «Ազատությունից», որի նպատակն է կամ Հարավային Տիրոլը  վերադարձնել Ավստրիայի կազմ,  կամ էլ անկախության հասնել: Այստեղ անջատական միտումները  թափ են առել ճգնաժամի ժամանակ, որը հատկապես ցավոտ էր Իտալիայի համար: