Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե օՕմբուդսմենն առաջարկել է առեւտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ առեւտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Այնուհետեւ Պաշտպանի` սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալն աշխատանքային քննարկում էր կազմակերպել առեւտրականների հետ՝ վերջիններիս մտահոգություններին ծանոթանալու եւ խնդրի լուծման տարբերակներ մշակելու նպատակով:
Օրենքով նախատեսված փաստաթղթավորման պահանջը հատկապես լուրջ դժվարություններ է ստեղծում շրջանառության փոքր ծավալ ունեցող առեւտրականների համար: Ուստի, Օմբուդսմենն առաջարկում է շրջանառության հարկ վճարողներին բաժանել երկու խմբի՝ մինչեւ 20 մլն եւ 20-ից 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցողների: Ըստ դրա` առաջին խմբի առեւտրականներին հնարավորություն տալ ընտրելու` աշխատել ապրանքների պարտադիր փաստաթղթավորմամբ՝ վճարելով 1 տոկոս շրջանառության հարկ, կամ աշխատել առանց պարտադիր փաստաթղթավորման՝ վճարելով 3.5 տոկոս շրջանառության հարկ:
Օմբուդսմենը անթույլատրելի է համարում փոքր բիզնեսով զբաղվող առեւտրականների գործունեության պայմանների վատթարացումը եւ լիահույս է, որ փաստաթղթավորման եւ հարկի չափի ընտրության հնարավորություն ստանալու դեպքում նրանք կազատվեն վարչարարական քաշքշուկից, ինչպես նաեւ կկարողանան պահպանել իրենց բիզնեսը:



























