Չնայած Ուկրաինայում իրադրության բարելավմանը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող մեղմացվել եւ կգործեն մինչեւ 2015 թ. մարտը, հայտնում է «Կոմերսանտը»` վկայակոչելով   ԵՄ կառույցներում սեփական աղբյուրները:

Թերթը նշում է, որ հոկտեմբերի 28-ին ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կվերանայի:

Մարտի 17-ին ԵՄ-ն ՌԴ դեմ պատժամիջոցների 9 փաթեթ է ընդունել: Անհատական սահմանափակումները վերաբերվում են 119 ֆիզիկական եւ 23 իրավաբանական անձանց, բացի դրանից  սահմանափակող միջոցներ են կիրառվել ռուսական էներգետիկ, ֆինանսական եւ պաշտպանական  ոլորտների նկատմամբ:   

Ըստ թերթի` ԵՄ-ն պատժամիջոցները վերացնելու հստակ մեխանիզմ չունի:   «Պատժամիջոցները վերանայելու հարցը քաղաքական որոշում է: Ընդ որում պատժամիջոցները վերացնելու բուն մեխանիզմը նշված չէ ԵՄ Լիսաբոնի պայմանագրում: Դա քաղաքական առաջնորդներին հնարավորություն է տալիս   հայտարարել  պատժամիջոցները վերացնելու հարցը վերանայելու պատրաստակամության մասին, երբ դրա համար հիմքեր ծագեն», - մեջբերում է թերթը Նիկոլայ Տոպորնինի խոսքերը:

ԵՄ երկրները պետք է միասնական որոշում կայացնեն` պատժամիջոցները մարտի 15-ից հետո երկարացնելու համար: Սակայն ԵՄ կառույցներում թերթի աղբյուրները  վստահ են, որ համաձայնություն չի լինի: