Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին որպես վկա հրավիրել են դատարան՝ պետության եւ մաֆիայի հնարավոր համաձայնության գալու գործով: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Աղբյուրը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահը դատարանում որպես վկա է հանդես գալիս:
Հարցաքննությունը կկատարվի փակ դռների հետեւում՝ նախագահի Հռոմի նստավայրում:
Աղբյուրը հիշեցնում է, որ հնարավոր պայմանավորվածության գործով դատավարությունը Պալերմոյում սկսվել էր 2013 թ. մայիսին: Գործին, որին խառն են ինչպես մաֆիոզ շեֆերը, այնպես էլ մի շարք քաղաքական գործիչներ, կցվել են նաեւ Նապոլիտանոյի խոսակցությունների գաղտնալսումները ներքին գործերի նախկին նախարար Նիկոլո Մանչինոյի հետ: Վերջինս տվյալ գործով անցնում է որպես մեղադրյալ:
1990-ականների սկզբին Իտալիայում ահաբեկչությունների շարք էր կատարվել: Դրանց հետեւում կանգնած էր եղել Cosa Nostra հանցավոր կազմակերպությունը, որը փորձում էր մաֆիոզ գործունեության համար պատժի մեղմացման հասնել: Արդյունքում բանտերից ազատվել էին շուրջ 300 մաֆիոզներ:
Գործընթացը լայն արձագանք գտավ հանրության շրջանում: Իտալիայում ընդդիմության ներկայացուցիչները Նապոլիտանոյին բացահայտ անվանում էին «շեֆերի շեֆ»:




























