Հայաստանին հարկավոր է եւս 3,5 հազար հակակարկտային կայան,  հոկտեմբերի 28-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 2015 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Ըստ նրա` գործող 465 կայանները  անհրաժեշտ եղածի միայն  9%-ն են: «Ընդհանուր առմամբ հարկավոր է շուրջ 4 հազար` ողջ հանրապետությունում», - պարզաբանել է նախարարը:

Ըստ նրա` անհրաժեշտ է նաեւ ռադիոտեղերոշիչ 2 կայան, որոնք կկառավարեն ողջ ցանցը: «Կայանը չպետք է կրակի այն դեպքում, երբ մարդկանց թվացել է, թե հորիզոնում ամպեր են կուտակվում: Այդպես կարելի է նույնիսկ հակառակ ազդեցություն ստանալ. Անվտանգ ամպը կարող է կարկտաբեր դառնալ: Ողջ համակարգը կառավարելը մի ամբողջ գիտություն է», - նշել է նախարարը:

Ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչտուր Քոքոբելյանի այն հարցին, թե արդյոք այդ 15 մլն դոլարն այնքան էլ մեծ գումար չէ, որն անհնար է ճարել, Երիցյանն ասել է.  «Միայն մենք չենք. ցանկացած նախարարություն ամեն ինչի համար միջոցներ չունի, եւ սրա հետ ստիպված ենք հաշվի նստել»: