Ամերիկյան փոքրիկ Ուեսթ-Ջորդան քաղաքի բնակիչները Յուտա նահանգում միավորվել են, որպեսզի անհույս հիվանդ փոքրիկի համար հրաշք իրագործեն: Մի քանի օրվա ընթացքում նրանք քաղաքում մի շարք տոներ են անցկացրել, որոնք իրականում ավելի ուշ պետք է տոնեին, հաղորդում է «Buzzfeed»-ը:
Ամենն Իթան Վան Լեւենին ուրախացնելու համար էր: Երբ երեխան դեռ 2 տարեկանը չէր բոլորել, բժիշկները նրա մոտ արյան քաղցկեղ են հայտնաբերել:
Սկսած բուժումը չի օգնել, անցյալ տարվա նոյեմբերին հիվանդությունը նահանջել է, սակայն հետո վերսկսվել է՝ չնայած քիմիոթերապիային եւ ոսկրածուծի փոխպատվաստմանը: Օրերս բժիշկները տղայի ծնողներին հայտնել են, որ ապրելու հաշված օրեր են մնացել:
Սա նշանակում էր, որ 4-ամյա Իթանը չի հասցնի տոնել Հելոուինն ու Ամանորը, ինչպես նաեւ իր տարեդարձը, որը նոյեմբերին պետք է լինի: Այն ժամանակ քաղաքի բնակիչները որոշել են երեխային անակնկալ մատուցել եւ տոները հանուն նրա տեղափոխել են, հաղորդում է «Newsru.com»-ը:
Սկզբում տոնել են Հելոուինը՝ հոկտեմբերի 21-ին՝ 10 օր շուտ: Մի քանի օր անց քաղաքում Իթանի ծննդյան օրվա պատվին շքերթ են անցկացրել: Միջոցառմանը մոտ 100 մարդ է մասնակցել: Հոկտեմբերի 24-ին Ուեսթ Ջորդանում դիմավորել են Ամանորը: Փողոցները զարդարել են լույսերով, ավելի քան 150 մարդ հավաքվել է տղայի տան մոտակայքում՝ ամանորյա երգեր երգելու համար: Տեղական ռադիոյով հնչում էին ամանորյա երգեր: Իթանի ծնողները պատմում են, որ տղայի դեմքը լուավորվել էր ուրախությունից:




























