Ուկրաինայի նախագահն ու կառավարությունը Ղրիմը Ուկրաինայի կազմ վերադարձնելու համար ամեն ինչ կանեն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Հարցին՝ հավատո՞ւմ է, արդյոք վերջինս Ուկրաինայի կազմ Ղրիմի վերադարձին, դեսպանը հայտարարեց, որ հավատում է Աստծուն եւ ընդգծեց, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է: Դեսպանը հիշեցրեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը վերաբերող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ մարտի 27-ի որոշման մասին:

«Ղրիմը դե ֆակտո ժամանակավորապես օկուպացվել է Ռուսաստանի կողմից: Ուկրաիայի նախագահն ու կառավարությունը Ղրիմը Ուկրաինայի կազմ վերադարձնելու համար ամեն ինչ կանեն», - հայտարարեց դեսպան:

Ի պատասխան Դոնեցկի եւ Լուգանսկի ապագա կարգավիճակի մասին հարցին՝ դեսպանը նշեց, որ սեպտեմբերի 5-ին եւ 19-ին Մինսկում Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵԱՀԿ-ի եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել կոնտակտային խմբի նիստեր: Նիստերի արդյունքներով ստորագրվել է մարզերի կարգավիճակը հրադադարի մեխանիզմները, ռուս-ուկրաինական սահմանին ԵԱՀԿ-ի օգնությամբ դիտարկումները սահմանող հուշագիր եւ արձանագրություն: «Հուշագիրը նախագահ Պորոշենկոյի խաղաղ պլանի իրականացումն է», հայտարարեց դեսպանը: Նա հավելեց, որ վերոնշյալ տարածքները Ուկրաինայի մի մասն են, ուստի կարգավիճակի փոփոխությունը կարող է իրականանալ միայն խորհրդարանի միջոցով եւ Ուկրաինայի սահմանադրությանը համապատասխան: