Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ազդեցության, ինչպես նաեւ ԵՏՄ-ին անդամակցության ազդեցության վերլուծությունը, որը լինելու է գնաճի վրա, ֆինանսական այլ ցուցանիշների վրա, կներկայացվի դեկտեմբերին: Այս մասին, այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2015-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մասնավորապես ասել է. «Ինչու Հայաստանի 2015-ի պետական բյուջեում չեն հաշվարկվել այն վնասները, որոնք Հայաստանը պիտի կրի ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում: Ի՞նչ հաշվարկներ են այս պահին աշխատանքային խմբում առկա, որ կարող ենք մենք ունենալ ԵՏՄ անդամակցությունից, ի՞նչ համադրություն եք արել, երբ գիտեիք որ ՀՀԿ ղեկավարը արդեն իսկ հայտարարել էր, ապա ինչու չեք հաշվարկել թե ինչ վնասներ ենք մենք կրելու: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ ռուբլու փոխարժեքի անկման պայմաններում անհրաժեշտ է մտածել, թե որքանով է շահավետ Հայաստանի համար անդամակցել ԵՏՄ-ին»:

Ի պատասխան ֆինանսների փոխնախարարը նշել է. «Բյուջետային քննարկումները որոշակի օր և ժամանակացույց ունեն: Դուք իրավաբան եք, երբ բյուջեն ներկայացվում էր, դեռ այդ համաձայանգիրը կնքված չէր և բյուջեում չէին կարող դրվել թվեր մի փաստաթղթի ֆինանսաական հոսքերի գնահատմամբ, երբ այդ համաձայնագիրը հաստատված չէր: Գնահատականներ իհարկե կային, դրանք ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական գնահատականներ էին, թե Հայաստանի Հանրապետությունը որ ապրանքների գծով է մաքսատուրքերը բարձրացնելու, որի գծով ենք ունենալու զիջումներ, այդ քննարկումները եղել են բյուջեն ներկայացնելուց հետո: Մեր մասնագետները հաշվարկում են այդ ռիսկերը եւ դեկտեմբերի սկզբին ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ կներկայացնենք այդ վերլուծությունը»: