Մեքսիկայում ցուցարարները հարձակվել են Իգուալայի քաղաքապետի նստավայրի վրա եւ նյութական վնաս հասցրել շենքին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի՝ ցուցարարները կոտրել են նստավայրի դռներից մեկը եւ հրկիզել ծառայողական մեքենա: Նրանք քարեր եւ ինքնաշեն ճայթուկներ են նետել:
Վանդալիզմը հաջողվել է դադարեցնել միայն այն ժամանակ, երբ դեպքի վայր են ժամանել շուրջ 500 ոստիկաններ: Ըստ նախնական տվյալի՝ ոչ ոք չի տուժել:
Իգուալայի քաղաքապետի նստավայրի վրա հարձակումը, հիշեցնում է աղբյուրը, տեղի է ունեցել բողոքի զանգվածային երթից հետո: Ցուցարարները պահանջել են անմիջապես ողջ-առողջ վերադարձնլ 43 ուսանողներին, որոնք անհետացել էին սեպտեմբերի վերջին տեղի ունեցած ցույցից հետո: Սեպտեմբերի 26-ին Իգուալայում ոստիկանները եւ զինված քաղաքացիները հրազեն էին կիրառել ուսանողական ցույցի մասնակիցների դեմ, որոնք բողոքում էին կրթության ոլորտում կիրառվող բարեփոխման դեմ:




























