Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հարցը չափազանց հրատապ է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ  Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը պարզ մեխանիկական համակարգ չէ, եւ դրա նկատմամբ, առաջին հերթին, պետք է արժեքային մոտեցում ցուցաբերել: «Փոխակերպվող հասարակական համակարգերում սահմանադրական գործընթացների տրամաբանությունը ոչ միայն տարբեր փիլիսոփայական, իրավական, քաղաքագիտական, սոցիոլոգիական նրբերանգներ են, այլ նաեւ համապատասխան վերլուծության հրամայական, որպեսզի հնարավոր լինի հասարակությանն ու քաղաքական ուժերին որոշակի գիտական դոկտրիններ, մոտեցումներ ներկայացնել, որպեսզի ինստիտուտների կողմից խնդիրների լուծումն իրականացվի խորը գիտական մոտեցումների հաշվի առնմամբ՝ երաշխավորված հաջողության հասնելու նպատակով», - ընդգծեց Գագիկ Հարությունյանը: