Հունգարիայում «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը հեշտացնող նոր օրենք է ընդունել, հայտնում է «ՌԲԿ Ուկրաինան»` վկայակոչելով տեղի DPA գործակալությունը:
Ըստ աղբյուրի` այսուհետ գազատարներ կարող են կառուցել նույնիսկ այն ընկերությունները, որոնք շահագործման համապատասխան արտոնագիր չունեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ գազատարով Ռուսաստանից գազը Սեւ ծովի հատակով Բուլղարիայով, Սերբիայով, Հունգարիայով եւ Սլովենիայով պետք է մատակարարվի Իտալիա: «Հարավային հոսքով» Մոսկվան կարող է գազ մատակարարել Եվրոպա` շրջանցելով Ուկրաինայի տարածքը:
Աղբյուրը նշում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպացի այն քաղաքական գործիչներից է, որոնք քննադատել են Ռուսաստանի դեմ ձեռնարկված պատժամիջոցները: Հուլիսի սկզբին Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան մտադիր է շարունակել գազատարի շինարարությունը:
«Հարավային հոսքը» 63 մլրդ խմ հզորությամբ գազատարի ենթակառուցվածքային գլոբալ նախագիծ է: Գազատարով առաջին գազը նախատեսվում է մատակարարել 2015 թ. վերջին:





























