Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջիովաննի Արմենտանիին (նստավայրը` ք. Մոսկվա) եւ ռազմածովային կցորդ, 1-ին կարգի կապիտան Ալեսանդրո Մարիա Դիոնիջիին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է 1-ին կարգի կապիտան Դիոնիջիին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում հայ-իտալական հարաբերությունները թեւակոխել են նոր փուլ` ընդգծելով ինչպես Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում նոյեմբերի կեսերից հայ խաղաղապահների տեղակայումը, այնպես էլ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում ընթացք ստացած նոր նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: