Ռուսաստանն Ադրբեջանի վերաբերյալ ռազմավարություն չունի: Բայց եթե Արցախի համար նոր պատերազմ սկսվի, այն անկայունություն կբերի: Ռուսաստանը կակտիվանա, եւ հայտնի չէ՝ ում կողմից: Այս մասին vesti.az-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի հայտնի քաղաքական եւ պետական գործիչ, ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի նախագահի նախկին տեղակալ (2000-2003թ.թ.), ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների հարցերի խորհրդի անդամ Իրինա Խակամադան:
Ռուսաստանը փորձում է խաղալ կառավարելի քաոսի օրենքներով՝ իր շահերից ելնելով: Նրա խոսքով, ավելի լավ է՝ Ադրբեջանը ոչինչ չձեռնարկի քաոսի դարաշրջանում. «Թիթեռնիկի թեւերի թափահարում կլինի եւ վերջ... Հետեւանքներն անկանխատեսելի են»:
Արցախի վերաբերյալ նա հայտարարել է. «Դեղատոմս. մի արթնացրեք քնած... խնդիրը»:
Անդրադառնալով նախագահների մակարդակով նոր հանդիպմանը՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ չի կարծում, թե առաջընթաց կարձանագրվի: «Չեն կարող առաջընթացի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվել, քանի որ առաջընթացն այդքան արագ չի իրականացվում, եւ դա ցույց է տալիս տարածքային բոլոր հակամարտությունների պատմությունը»,- փաստել է Իրինա Խակամադան:




























