Վրաստանում մ.թ.ա. VIII-VII դարերի գերեզմանատուն են հայտնաբերել: Այս մասին գրում է Ինտեֆաքսը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային թանգարանի մամուլի ծառայությանը:

«Քարե հսկայական սալիկներով պատված գերեզմանոցներ եւ քարե գրություններ են հայտնաբերվել»,- նշվում է թանգարանի մամուլի հաղորդագրությունում: Հետազոտության ընթացքում գերեզմանոցներից մեկում խեցեղեն սպասք է հայտնաբերվել, այդ թվում՝ թեյնիկանման անոթ:

«Այդ ժամանակաշրջանի գերեզմաններում նման ձեւի սպասք նախկինում չի հայտնաբերվել, այդ պատճառով մենք այս գտածոն բացառիկ ենք համարում»,- մասնագետների խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Թանգարանում նշում են, որ օպտիկամանրաթելային մալուխների անցկացման աշխատանքների ժամանակ բանվորները պատահաբար եւս 25 գերեզմանոց են հայտնաբերել: Մասնագետները կարծում են, որ դրանք, ենթադրաբար, վաղ միջնադարի ժամանակաշրջանի են: