Սյունիքի մարզպետարանը «Գորիս» բժշկական կենտրոնում ստուգումներ է անցկացրել, սակայն ոչ ոքի չի նախազգուշացրել կամ աշխատանքից ազատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հարությունյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կադրային ջարդ է սկսել հիվանդանոցում

«Ոչ ոք աշխատանքից չի ազատվել, հատկապես Սլավիկ Ամիրյանի ազգականները. նրա եւ քույրը, եւ հարսները մեզ մոտ աշխատում են: Ինչ վերաբերվում է Սլավիկ Ամիրյանին, ապա նա բյուլետենի մեջ է: Մոսկվայում վիրահատվելուց հետո նա արդեն 2 ամիս՝ արձակուրդում է, եւ օրենքով կարող է մեկ ամիս էլ մնալ տանը եւ բուժվել»,- ասաց նա:

Լեւոն Հարությունյանի խոսքով՝ հիվանդանոցում անցկացված ստուգումների արդյունքներն իրենք դեռ չեն ստացել եւ տեղյակ չեն՝ ինչ-որ խախտումներ արել են, թե ոչ:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սլավիկ Ամիրյանի քրոջ որդին, որը հիվանդանոցի ատամնաբույժն է, նախազգուշացվել է, որ հաջորդ տարի իր հետ պայմանագիր չեն կնքելու։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվել է նաեւ Ամիրյանի քրոջ հարսը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ աշխատանքը Լիսկան իր եղբոր՝ Աղալարի հարսի համար է նախատեսել: Արդեն մի քանի օր է՝ Գորիսում խոսվում է Սլավիկ Ամիրյանի աշխատանքից ազատվելու մասին: