Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղար Էդվարդ Ֆ. Ուոլի գլխավորած պատվիրակության հետ եւ ներկայացրել համակարգում իրականացվող օրենսդրական բարեփոխումների որոշ մանրամասներ:
ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում էին Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Դեիրդր Մորգանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան իրավապահ մարմինների հետ աշխատանքների ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնը, պաշտոնատար այլ անձիք:
Օսիկյանը կարեւորել է նմանատիպ ձեւաչափերով հանդիպումները եւ հույս հայտնել, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ԱՄՆ-ում:
Էդվարդ Ուոլն իր խոսքում նշել է, որ տպավորված է ՀՀ ԱՆ նորաբաց «Արմավիր» հիմնարկ կատարած այցից, հավելելով, որ հասցրել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում ծանոթանալ նաեւ դատապարտյալների պահման պայմաններին: Էդվարդ Ուոլը դիտարկել է, որ ի տարբերություն ԱՄՆ ուղղիչ հիմնարկների` «Սեւան» քրեակատարողական հիմնարկում մթնոլորտը բավական հանգիստ է:
Դեիրդր Մորգանը քրեակատարողական վարչության պետին նախ հակիրճ ներկայացրել է ԱՄՆ-ում գործող ուղղիչ հիմնարկների բազմագործառութային կառավարման համակարգը եւ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի` 2000 դատապարտյալների համար նախատեսված նորակառույց «Օշքոշ» հիմնարկի կառուցման եւ կառավարման ուղեցույցը, ապա այն հանձնեց քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին` առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:




























