Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պատճառը գալիք Ամանորն է եւ արտարժույթների փոխարժեքների խիստ թռիչքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:

Մասնագետը հայտնեց, որ վերջին օրերին թանկացել են հացը, ձավարեղենը, կաթնամթերքը, միսը, ընկույզը:

«Առաջին հերթին մեր հանրապետությունում, ցավոք սրտի, միշտ նախատոնական թանկացումներ են լինում: Բացի դրանից՝ թանկացման պատճառ է տարադրամի փոխարժեքի նման խիստ թռիչքը, այսինքն ինչքան փոխարժեքը բարձրանա, այնքան գնողունակությունն ընկնում է, սա տնտեսագիտական օրենք է»,- ասաց նա:

Արմեն Պողոսյանի խոսքով՝ հունվարի 1-ից Հայաստանում նույնպես կնկատվի գնաճ, երբ դառնանք ԵՏՄ անդամ:

«Այդ ժամանակ էլ ապրանքների 60%-ը կթանկանա, որովհետեւ մեր եւ ԵՏՄ-ի մաքսատուրքերը տարբեր են»,- նշեց մասնագետը: