Նավթի գների հետագա նվազումը «շատ հավանական» է, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, նման գնահատական է տվել ՌԴ Կենտրոնական բանկի փոխնախագահ Քսենիա Յուդաեւան ներքին քաղաքականության եւ սոցիալական ոլորտի սեմինար-խորհրդակցության ընթացքում:
RBC-ն հայտնում է, որ նավթի գների հետագա նվազման հավանականության համար ՌԴ ԿԲ-ն սթրես-սցենար է մշակել: «Այժմ OPEC-ի վերջին որոշումների հետ կապված մենք սցենար ենք մշակել նավթի գնի մինչեւ 60 դոլար նվազման դեպքում՝ կանխատեսվող ժամանակահատվածի համար (2015-2017 թթ.)», – հայտարարել է Յուդաեւան:
Թերթը նաեւ նշում է, որ այս հայտարարությունը հնչել է նավթի գների ռեկորդային անկմանը զուգահեռ, եւ իր մյուս նյութում մեջբերում է կատարում Bloomberg-ից, որը պատմում է Ռուսաստանին սպառնացող վտանգի մասին՝ նավթի գնի մինչեւ 40 դոլար անկման դեպքում:
«Նավթի գների ներկայիս նվազումը վատթարագույնն է 2008 թ. ֆինանսական համակարգի կրախի ժամանակներից: Այն արժույթի շուկաներում ավելի լուրջ հետեւանքներով է հղի, քան 30 տարի առաջ, երբ արժույթի անկումը դարձավ Մեքսիկայի պարտքային ճգնաժամի եւ ԽՍՀՄ փլուզման պատճառ», – ասվում է Bloomberg-ի հոդվածում, որտեղ մեջբերվում է նաեւ Danske Banke-ի առաջատար վերլուծաբան Ալան ֆոն Մեհրենի կարծիքը:
Ռուսաստանը նավթի գների նվազման առումով ամենախոցելի երկիրն է թվում, կարծում է վերլուծաբանը, եւ նշում. «1997–1998 թթ. նավթի գների մեծ անկումը այն գործոններից մեկն էր, որոնք 1998 թ. օգոստոսին հանգեցրին Ռուսաստանի դեֆոլտին»:
Նշենք, որ նավթն ու գազը Ռուսաստանի արտահանման 68%-ն են կազմում եւ դաշնային բյուջեի 50%-ը: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է գրեթե 90 մլրդ դոլար արժութային պահուստ, որը կազմում է երկրի տնտեսության 4,5%-ը:




























