Թող ոչ մեկն ընդդիմության վրա ռուսատյացի պիտակ չկպցնի: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցութան պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Մենք լավ ենք վերաբերվում ռուս ժողովրդին եւ ռուսական մշակույթին: Մենք պարզապես դեմ ենք Մոսկվայի քաղաքականությանը: Դրանք տարբեր բաներ են»,- վստահեցրել է Փոստանջյանը: Իշխանությունների փաստարկները ԵՏՄ ինտեգրման օգուտների մասին նա անվանել է մտացածին եւ համոզմունք հայտնել, որ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի դուռը կթակի սովը:

Կրեմլի մեկ այլ քննադատ, ընդդիմադիր պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ինքն ունի ռուսական կրթություն, շատ ընկերներ եւ մտերիմներ Ռուսաստանում: «Ես Ռուսաստանին չեմ դեմ, ես դեմ եմ դրա իշխող էլիտալի գործողություններին: Ճիշտ այդպես էլ ես հարգում եմ Կորեայի հնագույն մշակույթը, սակայն դա ինձ չի խանգարում ասել, որ Կիմ Չեն Ընը բռնապետ է: Նույնը նաեւ Պուտինի դեպքում է»,- ասել է պատգամավորը:

Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատել է, որ եվրասիական ինտեգրացիան եղածներից լավագույն տարբերակն է:

«Տեսականորեն ավելի լավ կլինի ինտեգրվել Չինաստանին եւ դուրս գալ դրա 1,5 մլրդ բնակչությամբ շուկա: Կամ Հնդկաստանին որի շուկան եւս միլիարդի է հասնում: Բայց բոլոր առկա տարբերակներից ամենաշահավետը Եվրասիական միությունն է»,- նշել է Այվազյանը: Վլադիմիր Պուտինին ՀՀԿ-ականը մեծ հարգանքով  է վերաբերվում՝ որպես բարեկամ երկրի առաջնորդի, որը նաեւ ունի իր ժողովրդի անվերապահ վստահությունը: «Շատ հարգում եմ նրան: Անգամ պատժամիջոցներից հետո նրա վարկանիշը 72% է: Նշանակում է՝ նա իր երկիրը լեգիտիմորեն է ներկայացնում: Բայց ավելի լավ է մենք մեր մասին խոսենք, քանի որ մենք հայ պատգամավորներ ենք: Մեզ պետք է մեր խնդիրներն անհանգստացնեն», - ասել է Վարդան Այվազյանը:

Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 3-ին կավարտի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցով քննարկումները: