Մինչ կառավարության անդամները աջուձախ հայտարարում են, որ ճգնաժամից դուրս ենք եկել, Հայաստանում օղու արդյունաբերությունը հայտնվել է իսկական մղձավանջի մեջ։ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ օղու արտադրությունը Հայաստանում հունվար-հունիսին կրճատվել է 26.2 տոկոսով։ Հավանաբար՝ կառավարության երջանիկ անդամները տնտեսական աճը եւ տեղական արտադրությունը գովերգելիս մոռանում են այն քաղցրացնել մի-մի թաս տեղական արտադրության անհայտ որակի օղիով։ Նրանք ակնհայտորեն նախապատվությունը տալիս են գարեջրին, որի արտադրությունն աճել է 55 տոկոսով, կամ կոնյակին՝ որի արտադրությունն աճել է 38 տոկոսով։ Հնարավոր է նաեւ գինու տարբերակը, քանի որ դրա արտադրությունը եւ սպառումը նույնպես աճել է։

Բայց եթե օղու հանդեպ կառավարության անդամների այդ արհամարհանքը ինչ-որ տեղ հասկանալի է՝ չէ՞ որ հասարակության աչքին նրանք պետք է լրջության մարմնացում լինեն, ապա հասարակ մահկանացուներիս անտարբերությունը ոչնչով արդարացված չէ։ Իսկ գուցե մենք ազգովի նույնպես էյֆորիայի մեջ ենք՝ մոտալուտ տնտեսական հրաշքի սպասումներով, ու այլեւս մեր դարդերը էժանագին օղու թասի մեջ կորցնելու անհրաժեշտություն չունենք։

Եթե հավատանք վիճակագրությանը, առաջին կիսամյակում հայաստանցիները խմել են 6,6 մլն լիտր օղի, որից 2,6 մլն լիտրը եղել է ներմուծված, իսկ մնացյալ 4 մլն լիտրը՝ տեղական արտադրության։ Հետեւաբար՝ հասարակ մահկանացուներիս անհայրենասիրության մեջ մեղադրել չի կարելի, որովհետեւ միայն անվեհեր հայրենասիրությունը կարող է դրդել մարդուն՝ անհայտ ծագման սպիտակավուն հեղուկը գերադասել իսկական օղուն։

Նշենք, որ 2009 թ. հայաստանցիները սպառել են 7,7 մլն լիտր օղի, որից 5,3 մլն լիտրը՝ տեղական, իսկ 2,4 մլն լիտրը՝ ներմուծված։

Եթե ընդունենք, որ Հայաստանում 3 մլն մարդ է բնակվում, ուրեմն 6 ամսվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրը խմել է 2,2 լիտր օղի, այնինչ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 2,6 լիտր։ Գուցե ոմանք առարկեն, որ սա էլ շատ է, չէ՞ որ ստացվում է, որ չափահաս բնակիչները 2 օրը մեկ մի բաժակ օղի են կոնծում։ Բայց չմոռանանք, որ Ռուսաստանում տարեկան խմում են մոտ 15 լիտր օղի, Ուկրաինայում՝ 13 լիտր։ Ուստի մենք՝ հայերս հակաալկոհոլային քարոզարշավների կարիք չենք զգում, համ էլ մեզ վրա նման քարոզարշավները բնավ չեն ազդում։

Ասում են՝ քաղաքակիրթ ազգերը սկսել են ավելի քիչ օղի խմել՝ գերապատվությունը տալով սպիրտի պակաս տոկոսայնությամբ խմիչքներին։ Այդպես ավելի անվտանգ է առողջության համար։ Գուցե հայերը ալկոհոլի հարցում ընթանում են քաղաքակրթության բացած ճանապարհո՞վ։ Բայց չէ, դա քիչ հավանական է. մեզ մոտ մարդկանց առողջությունը ալկոհոլի շշի հատակում են մոռանում՝ երբ խմելուց հետո այն դեն են նետում։ Շատ ավելի կարեւոր են ֆինանսները։ Չէ՞ որ օղու արտադրությունը կամ ներմուծումը ամենաշահութաբեր բիզնեսն է, նույնիսկ բարձր ակցիզների պարագայում։ Հա, ի դեպ՝ այդ ակցիզների մասին։

Անցյալ տարի կառավարոությունը հերթական անգամ բարձրացրեց օղու ակցիզը։ Սահմանվեց նույնիսկ վաճառվող օղու նվազագույն գին՝ կես լիտրը 700 դրամ։ Հավանաբար հենց այդ հանգամանքն էլ մարդկանց մի մասին ետ է պահել օղու շշերից։ Բայց այնուամենայնիվ նշենք, որ Հայաստանում ամենաշատը վաճառվում են էժանագին օղիները, քանի որ վաճառված օղիների միջին գինը 0,7 լ շշերի հաշվարկով կազմում է 1214 դրամ։
Ենթադրվում էր նաեւ, որ ակցիզը բարձրացնելուց հետո պետական բյուջե մուծվող հարկերը հեղեղի նման կավելանան։ Բայց արի ու տես, որ այդպես չէ։ Ալկոհոլային խմիչքների ակցիզը 6 ամսվա ընթացքում, անցյալ տարվա համեմատ, աճել է ընդամենը 1 մլրդ դրամով եւ կազմել 5,4 մլրդ դրամ։ Իսկ գուցե հայաստանցիները ոչ թե սկսել են քիչ խմել, այլ պարզապես ոլորտի ստվե՞րն է աճել։ Սա ամենահավանական տարբերակն է՝ ի վերջո ո՞ր մի խմող մարդն է վիճակագրությանը լուրջ վերաբերվում։

Սամվել Ավագյան