Լոս Անջելեսի ոստիկանությունը երեք հայի է ձերբակալել, որոնց մեղադրում են նավամատույցում կոնֆլիկտ հրահրելու մեջ: Ըստ NBC Southern California-ի, հանգստացողների խումբը փրկարարների հետ կռիվ է սկսել անփութորեն ծխախոտը դեն նետելու համար, իսկ ականատեսներից մեկը տեսագրել է կատարվածը: Վիճաբանության տեսանյութը հրապարակվել է համացանցում:
Ոստիկանության վարկածով, կատարվածի մեղավորներից մեկը 28-ամյա Արա Սարգսյանն է: Նրան մեղադրում են փրկարարին վնասվածք հասցնելու մեջ: Սարգսյանն ինքն էլ ծնոտին ուժեղ հարված է ստացել, ինչի հետեւանքով չի կարողանում խոսել եւ ցուցմունք տալ:
Սարգսյանից բացի, ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու կասկածյալի՝ 30-ամյա Հարություն Բալյանին եւ 28-ամյա Արուսյան Գեկչանին: Հետաքննության տվյալներով, միջադեպի ժամանակ երեքն էլ խմած են եղել:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ի երեկոյան, Լոս Անջելեսի Վենետիկ շրջանի լողափին: The Los Angeles Times-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, հանգստացող տղամարդկանցից մեկը չհանգցրած ծխախոտի մնացորդը նետել է դիտաշտարակի ուղղությամբ, որտեղ փրկարարներ են եղել: Ափամերձ ծառայության աշխատակիցներից մեկը վրդովմունքն է հայտնել «անհարգալից վերաբերմունքի» առիթով եւ տղամարդու վրա դույլով ջուր լցրել: Ի դեպ, նավամատույցում ծխելն արգելված է, ինչի մասին զգուշացնում է համապատասխան նշանը:
Հետագա իրադարձություններն այսպես են զարգացել. հանգստացողները փրկարարներին առաջարկել են ներքեւ իջնել եւ «պարզել» խնդիրը: Ի վերջո, փրկարարներից մեկն իջել է՝ որպես զենք իր հետ վերջնելով փրկարարական տախտակը:
Ըստ Newsru-ի, հանգստացողները նրան գետին են տապալել: Ափամերձ ծառայության աշխատակցի ծեծին մասնակցել են երկու տղամարդ եւ մեկ կին: Նրանք տուժածին ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել: Վերջինին օգնության է հասել մի տղամարդ, ամենայն հավանականությամբ՝ հանգստացողներից:
Արա Սարգսյանի փաստաբան Ջորջ Մղդեսյանը հայտարարել է, որ վիճաբանությունը փրկարարներն են հրահրել: Նա որպես ապացույց մեկ այլ տեսանյութ է ներկայացրել, որում երեւում է, թե ինչպես են Սարգսյանի վրա ջուր լցնում փրկարարների դիտաշտարակից: Փաստաբանը նաեւ նշել է, որ իր հաճախորդը լուրջ վնասվածքներ է ստացել՝ ծնոտի եւ քթի կոտրվածք:
Ուրբաթ դատարանը պետք է սահմանի ձերբակալված երկու հայերին ազատ արձակելու համար գրավի չափը:
Միջադեպը տեսանյութը դիտել այստեղ:




























