Երեւանի Մարշալ Բաղրամյան արձանի մոտից այսօր՝ օգոստոսի 8-ին, մեկնարկեց ElectricYerevan շարժման նախաձեռնած հեծանվաերթը: Հեծանվաերթին մասնակցում էին շուրջ 20 հեծանվորդներ, որոնք իրենց շապիկներին փակցել էին ElectricYerevan, «դԴզզող հեծանվաերթ», «Հեծանվաերթ VS ջրցան» գրությամբ պաստառներ:
«Հեծանվաերթը նախ որպես առողջ ապրելակերպի խորհրդանիշ է, համ էլ մեր քաղաքաքացիական դիրքորոշում արտահայտելու միջոց է: Սա նշան է, որ մենք մեր պայքարը շարունակում ենք, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած պայքարը դեռ չի ավարտվել: Մեր հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ մարդկանց շնորհակալություն հայտնենք Բաղրամյան պողոտայի նսացույցին մասնակցելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հեծանվաերթի կազմակերպիչներից Նարեկ Այվազյանը:
Հեծանվաերթի մասնակիցները տեղեկացրին, որ պատրաստվում են հեծանվաերթով պտտվել կենտրոնական փողոցներով՝ Բաղրամյան պողոտա, Սայաթ-Նովա փողոց, Աբովյան փողոց, Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Սայաթ Նովա փողոց, Տերյան փողոց, Թումանյան փողոց, Ազատության հրապարակ:
Հեծանվաերթի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անելու պահանջատեր լինել, պայքարել մինչեւ վերջ:
Հեծանվաերթն ուղեկցում էին ոստիկանական մեքենաները:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Նախագահի հայտարարությունից հետո Բաղրամյան պողոտայում ցույցերը շարունակվեցին մինչեւ հուլիսի 6-ը, երբ ոստիկանությունը բացեց պողոտան՝ բերման ենթարկելով ավելի քան 40 ակտիվիստի:



























