«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը 2016 թ. անցկացվելու է Հայաստանում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հայաստանը հայտ էր ներկայացրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի միջազգային ասոցիացիային, որ հաջորդ տարի Հայաստանում անցկացվի խաղի աշխարհի չեմպիոնատը: Դիմել էինք ակումբների միջազգային ասոցիացիային եւ օրեր առաջ ստացել ենք ասոցիացիայի նախագահ Կոզլովի կողմից գրավոր հաստատում, որ «Գիտակների հայկական ասոցիացիայի» հայտը 2016 թվականին աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հետ կապված նախագահության կողմից հաստատվել է»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ կազմակերպչական աշխատանքների համակարգողը լինելու է ինքը, իսկ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը զբաղվելու է գործադիր հարցերով:
«Մի քանի շաբաթ հետո կժամանեն մեր գործընկերները, որ տեղում ծանոթանան կազմակերպչական աշխատանքներին: Մենք սեպտեմբերից սկսելու ենք նախապատրաստվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությանը»,-ասաց Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նաեւ նշեց, որ Տիգրան Քոչարյանի հետ նոյեմբերին ներկա են գտնվելու խաղի աշխարհի այս տարվա առաջնությանը, որն անցկացվելու է Վրաստանում:




























