Ակնհայտ է, որ Հայաստանի նման երկրներում քաղաքականությունն ու բիզնես շահերը բավարար չափով տարանջատված չեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:

«Կոռուպցիայի մեկ այլ մակարդակ է այն, ինչ մենք կոչում ենք վարչական կոռուպցիա, երբ քաղաքացին գործ է ունենում պետական կառույցների հետ, օրինակ՝ կրթության, առողջապահության հարցերով, կամ ոստիկանության հետ, եւ կաշառքի ռիսկ կա: Հայտնի է, շատ երկրներում կոռուպցիայի առաջին տեսակի դեմ պայքարը շատ դժվար է: Այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներ կոռուպցիայի դեմ պայքարի գերազանց մեկնարկ են ունեցել՝ կենտրոնանալով վարչական կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ», - ասել է նա:

Հարցին, թե որքանով արդյունավետ կլինի կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ, եթե պարզվում է, որ բարձրաստիճան բազմաթիվ իշխանավորների ընտանիքների անդամներ, ազգականներ հսկայական բիզնեսներ ունեն, եւ արդյոք այդ հարցը քննարկե՞լ են կառավարության անդամների հետ, Քարեն Հիլիարդը պատասխանել է․ «Կոնկրետ այդ հարցը ես չեմ քննարկել որեւէ մեկի հետ: Կասեմ, որ Հայաստանը առաջընթացի կարիք ունի օրենսդրական եւ կարգավորող այնպիսի միջավայրի ստեղծման գործում, որը կտարանջատի քաղաքականությունն ու բիզնեսը, եւ կոնկրետ քայլեր պետք է արվեն: Քայլերից առաջինը կարող է լինել պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման գործընթացի հստակեցումը եւ պատիժների սահմանելը նրանց նկատմամբ, ովքեր չեն բացահայտի իրենց ունեցվածքը»:

Նրա խոսքով, եթե կառավարությունը չստեղծի հակակոռուպցիոն հանձնաժողով, այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը. «Եթե այլընտրանքը ոչինչ չանելն է, դա ոչ մի տեղ չի տանի Հայաստանին: Ուստի այն, ինչ ես պատրաստվում եմ անել, հետեւյալն է․ ռիսկի դիմել՝ ներդրում անելով հակակոռուպցիոն այս հանձնաժողովում եւ պատասխանատվություն ստանձնելով, որ արդյունք կլինի ԱՄՆ հարկատուների միջոցների դիմաց: Եթե արդյունքներ լինեն, կշարունակեմ ներդրում անել», - եզրափակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Հիշեցնենք, որ գրեթե չորս տարի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացումից որ բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից: