Սահմանադրության նոր նախագծով լուծված չէ երկրի անվտանգության ապահովման հարցը։ Այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը։

Սահմանադրագետի խոսքով՝ նոր նախագծով Ազգային անվտանգության խորհրդին տրվում են գործառույթներ, որոնք նախկինում չեն եղել։ Միեւնույն ժամանակ, պատերազմական իրավիճակում վարչապետն է նշանակում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։

«Մենք ունենք հարեւան, որը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է անում։ Իսկ Սահմանադրության նոր նախագծով մեր անվտանգության հարցը լուծված չէ։ Հստակ նշված չէ դա»,- ասաց Գաբրիել Բալայանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում կարիք կա Սահմանադրական բարեփոխումների, մինչդեռ ներկայացված տեքստը Հանրապետության առջեւ ծառացած խնդիրներն ամբողջությամբ չի լուծում։

«Կուզեի անդրադառնալ հանձնաժողովի վերաբերմունքին։ Անձամբ բոլորին ճանաչում եմ, սակայն կարծում եմ՝ լրջության պակաս կա։ 1-7-րդ գլուխներում ի սկզբանե եղել են դրույթներ, որոնք քննադատվեցին։ Երբ ամբողջական նախագիծը հրապարակվեց, պարզվեց, որ այդ վիճահարույց դրույթները հանվել են»,- ավելացրեց նա։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նույնպես կարծում է, որ Սահմանադրության նոր նախագիծը մշակել են խելացի մասնագետներ, սակայն երկրում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա. «Արհեստական օրակարգ է, Սահմանադրական բարեփոխումների կարիք չկա։ Մեր երկիրը վտանգված է, քանի որ կառավարվում է կիսաբռնապետական համակարգի կողմից։ Ադրբեջանը չի վտանգում մեր անկախությունը, մեր թշնամին ներսից է»։

Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։