Հայաստանում վաղ է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու համար։ Այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը։

«Կարծում եմ՝ գործող նախագահական համակարգը գոնե անվտանգության առումով իր արդյունավետությունը ցույց է տվել։ Եթե հետագայում առաջարկվի խորհրդարանական այնպիսի համակարգ, որը անվտանգության հարցը կլուծի, ապա հնարավոր է՝ կողմ լինեմ»,- ասաց սահմանադրագետը։

Բալայանի կարծիքով՝ նոր նախագծում պետք է առավել մանրամասն ներկայացվի ընտրությունների անցկացման կարգը, քանի որ Հայաստանն անկախության տարիներին երբեք չի ըմբոշխնել ազատ եւ արդար ընտրություններ։

«Ընտրական համակարգը պետք է Սահմանադրությամբ բարեփոխվի։ Բացի դրանից՝ ավելի հստակ մեխանիզմներ պետք է լինեն իշխանությունների տարանջատման սկզբունքի համար»,- ավելացրեց նա։

Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։