Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող՝ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը չի ընդունում իրեն մեղսագրված արարքները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց  ամբաստանյալը:

Գործով մյուս մեղադրյալներ, բաժանմունքի աշխատակիցներ Գոհար Զարգարյան Վահագն Մելքոնյանը եւս չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները, իսկ Աիդա Սարգսյանը եւ Սոֆիա Ունուսյանը նախընտրեցին լռել. իրենց տեսակետը կասեն ցուցմուք տալու ժամանակ:

Կաշառք տալու մեջ մեղադրվող Նավո Սլոյանը եւս չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արտյոմ Սեդրակյանը Հայաստանից բացակայող Ա.Սլոյանի կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5 հազար ԱՄՆ դոլար, ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է 4500 ԱՄՆ դոլոր կաշառք: Այնուհետեւ Սեդրակյանը հանրային ծառայող Սոֆիա Ունուսյանին անձամբ տվել է 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Ապա արդեն Ալոյանի համար ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել: Ըստ մեդադրանքի, Սեդրակյանին այս հարցում օգնել են նաեւ բաժանմունքի առաջին կարգի մասնագետներ Աիդա Սարգսյանը, Գոհար Զարգարյանը, տեսուչ Վահագն Գեւորգյանը:

Արտյոմ Սեդրակյանի պաշտպաններ Ժաննա Կոտիկյանը եւ Սիմոն Ամիրխանյանը այսօր միջնորդեցին կարճել իրենց պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը, վերացնել Արտյոմ Սեդրակյանի խափանման միջոց կալանքը եւ նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատավորը հետաձգեց միջնորդության վերաբերյալ որոշումը մինչեւ գործում էական հանգամանքների ի հայտ գալը:

Փաստաբան Ժաննա Կոտիկյանը իր միջնորդության մեջ նշեց, որ գործում կան էական խախտումներ: Նրա խոսքով՝ այս քրեական գործը ՀՔԾ-ն սխալմամբ է վարույթ ընդունել, քանի որ դատախազ Արամյանը առանց  ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի` ՀՔԾ  պետի տեղակալից ՀՀ Քնչական կոմիտեի տեղակալին վերադարձրած գործը կրկին ուղարկել է ՀՔԾ` նախաքննությունը շարունակելու համար:  Տիկին Կոտիկյանը միջնորդության մեջ  նշել էր, որ Արտյոմ Սեդրակյանին ներառել են գործի մեջ, երբ հասկացել են, որ այս քրեական գործը ՀՔԾ իրավասությունը չէ, եւ անհրաժեշտ է պաշտոնատար անձի մասնակցություն:

Ժաննա Կոտիկյանի խոսքով՝ իրականացրել են «քննչական սադրանք». աշխատակիցներ Աիդա Սարգսյանից  եւ Սոֆիա Ունուսյանից ազատություն դիմաց  սուտ ցուցմունք են կորզել եւ մեղադրել իր պաշտպանյալին:

Փաստաբանի նշել է նաեւ, որ քննիչները փորձել են համաձայնության գալ Սեդրակյանի հետ՝ առաջարկելով «տալ իրենից վերեւ կանգնած մարդկանց անուններ» եւ պատմել նրանց տված գումարների  մասին` սպառնալով, որ հակառակ դեպքում «տուն չի գնա եւ երկար ժամանակ կունենա մտածելու»:

Արտյոմ Սեդրակյանը միակն է ամբաստանյալներից, որի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանքը, մյուսները ազատության մեջ են:

Դատախազ Էդգար Արամյանը դատավոր Վլադիմիր Գրիգորյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց` պատճառաբանելով որ նա կողմնակալ վերաբերմունք ունի պաշտպանական կողմի հանդեպ, քանի որ դատավորը ճանաչում է եւ աշխատել է  ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի մոր՝ նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանի հետ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի դատարանում:

Դատախազի այս միջնորդությունը վրդովեցրեց նիստերի դահլիճում ներկա Իսկուհի Վարդյանին, նրա ինքնազգացողությունը վատացավ:

«Եթե աշխատել եմ, կհարգեիք իմ երեսուն տարվա աշխատանքը: Ի՞նչ անեմ, Վենետիկի հանձնաժողովին գրե՞մ»,- դահլիճից ասաց թոշակի անցած դատավորը:

Դատավորը մերժեց իրեն բացարկ հայտնելու դատախազի  միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 14-ին: