«Ոտքի Հայաստան» շարժման համակարգող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը այսօր՝ օգոստոսի 11-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտնեց, որ ՀԷՑ-ը չի հայտարարում այն 5 կազմակերպությունների անուները, որոնց դիմել են աուդիտ անցկացնելու համար, եւ փաստում է, որ այն ընդամենը ձեւական բնույթ է կրում:
«ՀԷՑ-ը կառավարող «Ինտեր ՌԱՕ»-ի խորհուրդը վաղուց ենթակա է լուծարման: Զարմանալի է՝ ինչ աուդիտ են պատրաստվում անել, ով է անելու այդ աուդիտը, որ իրեն հարգող միջազգային կազմակերպությունը կգա ու կհամաձայնի աուդիտ անել: Որոնում են մեկին, որ կգա ու կասի, որ Նազարյանի նկարած թվերը ճիշտ են: Մինչեւ հիմա անգամ չեն կարողանում ասել, որ կազմակերպություններին են այդ առաջարկով դիմել»,-ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իրենք դիմել են «Իրազեկ քաղաքացիներ» նախաձեռնության անդամներին, խնդրել ՀԾԿՀ-ից պարզել, թե որոնք են այն 5 կազմակերպությունները, որոնց դիմել են աուդիտ անցկացնելու համար, բայց պատասխան չեն ստացել:
«Դանիել Իոաննիսյանը հավաքից 15 րոպե առաջ զանգեց ու ասաց, որ իրենց չեն պատասխանել, պատասխան տալու համար օրենքով սահմանված ժամկետն անցել է: Հետո զանգել, ասել են, թե ինչի չեն պատասխանում, ցրել են, ասել են հետո գրավոր կպատասխանենք»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Նազարյանի գործունեությանը եւ ասաց, որ նրան ոչ թե վիրավորել են, այլ ընդամենն ասել են, որ վատ է կատարում իր գործառույթները:
«Ռոբերտ Նազարյան, դու խի՞ չեկար, քո սաղ արածները զրո կդառնային էդ օրը: Դու որպես մարդ, քաղաքացի, որպես տղա պարտավոր էիր Բաղրամյանում Վլադիմիր Գասպարյանի փոխարեն սթափության կոչեր անել: Մենք ասեցինք ուղղակի, որ էդ վաքագիծ չէ, ինքը նման է ճիճվի, որ որ մտնում է ընդհատակ, բայց ինքը վիրավորվել ա, երեւի հասկացել ա, որ սխալ է եղել»,-ասաց նա:
Ղուկասյանի խոսքով՝ բոլոր պաշտոնյաները, որոնք չեն կատարում իրենց պարտականությունները եւ անօրինությունների են դիմում, սակայն նրանք մի օր պատասխան են տալու. «Իրենց համար ավելի լավ է կանգել դատարանի առաջ, քան թե զայրացած ժողովրդի»:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։



























