ՀԾԿՀ անդամների հրաժարականը և ՀԷՑ-ի ազգայնացում պահանջող «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 13-ից հանդիպումներ է սկսելու ընդդիմադիր ուժերի հետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը շուրջօրյա նստացույցով մինչև օգոստոսի 21-ի հանրահավաքը մնալու է Հանրապետության հրապարակում:
«Վաղվանից սկսելու ենք հանդիպել որոշ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն դեռ հստակ չեմ կարող ասել, թե կոնկրետ որ ուժերի: Նրանց հետ քննարկելու ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը վերաբերող հարցեր, բարեփոխումների վերաբերյալ «Ոտքի Հայաստանի» մշակած 15 կետանոց առաջարկը և երկրում առկա այլ խնդիրներ »,-ասաց նա:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության խոհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ նշեց, որ ՀԾԿՀ անդամների հրաժարականի պահանջով ստորագրահավաքը Հանրապետության հրապարակում դեռ շարունակվում է, և հավաքվել է 3500-ից ավելի ստորագրություն:
«Երեկվա ստորագրահավաքի արդյունքները դեռ չենք ամփոփել, բայց այժմ ունենք մոտավորապես 3500-ից ավելի ստորագրություն: Այն շարունակվելու է նաև օգոստոսի 21-ի հանրահավաքի ժամանակ, երբ անհրաժեշտ թվով ստորագրություն հավաքենք, կուղարկենք ՀԾԿՀ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը ասել էր, որ նախաձեռնության` ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել նաև Գյումրիում և Վանաձորում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականը եւ ՀԷՑ–ի ազգայնացում:





























