Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանում Վալերի Պերմյակովի ցուցմունքների հրապարակվելուց հետո էլ Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատների համար դեռ պարզ չէ, թե ինչու է Պերմյակովը մտել  հենց Ավետիսյանների տուն:

«Բոլորիս հուզող հարցը չբացահայտվեց, որովհետեւ ինքը պետք է խոսեր, բայց ոչինչ չասաց: Ինքը թարս դառած նստած էր, դեբիլ դեմքը մենակ ժպտում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանը:

Ռիտա Պետրոսյանը չի հավատում, որ Պերմյակովը զղջացել է, ըստ նրա` Ավետիսյանների սպանության գործով դատական նիստին էլ Պերմյակովը իրեն նույն կերպ կպահի. «Ինձ թվում է՝ էլի նույն ձեւով էդ դեբիլի տեսքը պետք է ընդունի, ոչ մի հարցերի չպատասխանի, նախաքննական մարմնին տված ցուցմունքները կհրապարակվեն, ինքը ցուցմունք էլ չի տա, ոչինչ չի ասի»:

 Դատավարությունը չի փարատել Ավետիսյանների հարազատների կասկածը, որ Պերմյակովը սպանության օրը միայնակ չի գործել:

Նշենք, որ Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանի որոշմամբ Վալերի Պերմյակովը օգոստոսի 12–ին դատապարտվել  է 10 տարվա ազատազրկման դասալքության ու ապօրինի կերպով զենք կրելու համար:

Հիշեցնենք, որ դատազորության եւ փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ 1997 թվի օգոստոսի   29-ին կնքված Համաձայնագրի հիման վրա, որը վերաբերում է ՀՀ տարածքում տեղակայված ռազմական բազային, հուլիսի 13-ին քրեական գործի այն նյութերը, որոնք վերաբերում են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանը, փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին։

 Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին առանց թույլտվության ծառայությունը լքելու, զենքով քաղաք դուրս գալու եւ Գյումրիի տներից մեկում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի գնդակահարելու, իսկ 6 ամսական փոքրիկին դանակահարելու համար։ Վերջինը նույնպես ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր: