Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի պատմության մեջ ամեն ինչ կա, բացի «միջկրոնական ներդաշնակությունից եւ հանդուրժողականությունից», հատկապես, երբ խոսքը հարեւան Հայաստանի մասին է. փոքրիկ քրիստոնեական երկիր, որը մշտապես բախվում է Ադրբեջանի բանակի եւ կառավարության կողմից ռազմական սպառնալիքների եւ հետապնդումների: Այս մասին ամերիկյան «Albuquerque Journal» պարբերականում գրել է Նյու Մեխիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի բնակչուհի Ռիմա Սարյանը նահանգի օրենսդիրների կողմից ընդունած հուշագրի առիթով, որում Ադրբեջանին գովաբանում են «հանդուրժողականության եւ միջկրոնական ներդաշնակության» համար:

«Վերջերս Հայաստանը հիշատակեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ օսմանյան թուրքերի ձեռքով 1.5 մլն մարդ սպանվեց: Ադրբեջանի հակահայ հռետորաբանությունը նոր ցեղասպանություն է խրախուսում հայերի դեմ»,- նշել է նա:

Հեղինակի խոսքով, չնայած լոբբիստների հայտարարություններին, որ Ադրբեջանն աշխարհիկ մահմեդական երկիր է, իրականությունն այն է, որ 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր այն այլեւս աշխարհիկ չէ:

Ռիմա Սարյանը նաեւ ներկայացրել է Հունգարիայում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքը եւ այն, թե ինչպիսի պատիվների է նա արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հայրենիք վերադառնալուց հետո, ինչպես նաեւ պատմել ադրբեջանական իշխանությունների հրահանգով միջնադարյան հայկական խաչքարերի ոչնչացման մասին:

«Ադրբեջանի գոյությունից ի վեր ակնհայտ է հնագույն քրիստոնեական երկիրը՝ Հայաստանը երկրի երեսից ջնջելու նրա ցանկությունը: Այդ մասին ասում է ոչ թե ինչ-որ խելագար հոգեւորական, դա այդ երկրի նախագահի պաշտոնական քաղաքականությունն է, որը հայտարարում է, որ Հայաստանը գոյատեւում է ադրբեջանական հողերի վրա, երբ իրականում մինչեւ 1918 թվականը Ադրբեջանն ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- նշել է հոդվածի հեղինակը: