Եգիպտոսի՝ շոգի պատճառով մահացած բնակիչների թիվը հասել է 93-ի, հաղորդում է Ասոշեյթեդ Փրես գործակալությունը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։ Նախկինում հաղորդվել էր 87 մեռածի մասին։ Նրանց մեծ մասը տարեցներ են։
Երկրի առողջապահության նախարարությունը նաեւ հաղորդել է գրեթե երկու հազար հոգու հիվանդանոց տեղափոխելու մասին։ Նրանք նշել են, որ շոգն իր գագաթնակետին կհասնի առաջիկա կիրակի եւ երկուշաբթի օրերին, երբ ցերեկային ջերմաստիճանը ստվերում կգերազանցի Ցելսիուսի սանդղակով 45 աստիճանը, իսկ արեւի տակ օդը կարող է տաքանալ մինչեւ 55 աստիճան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Աներեւակայելիորեն շոգ եղանակը Եգիպտոսում պահպանվում է արդեն գրեթե մեկ շաբաթ։
Վերջին անգամ նման շոգ եղանակ՝ ընդգծված խոնավությամբ և ցերեկային՝ 50 աստիճանը գերազանցող ջերմությամբ Եգիպտոսում արձանագրվել է 1978 թվին։





























