«Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ եթե ժողովուրդը իշխանությունների դեմ պայքարի դուրս գա, ապա եւ ոստիկանությունը, եւ բանակը կանցնեն ժողովրդի կողմը, եւ իշխանությունը կմնա մենակ: Այս մասին այսօր` օգոստոսի 21-ին, Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստանի» հրավիրած հանրահավաքին ասաց Անդրիաս Ղուկասյանը` կոչ անելով բոլորին Հանրապետության հրապարակում միանալ իրենց պայքարին:
«Եթե ժողովուրդը դուրս գա պայքարի, համոզված եմ, որ եւ ոստիկանությունը, եւ բանակը կմիանան ժողովրդին` մենակ թողնելով իշխանությանը: Մենք մնալու ենք այստեղ այնքան, մինչեւ որ հավաքագրենք անհրաժեշտ թվով մարդկանց Հանրապետության հրապարակը շրջափակելու համար»,-ասաց նա:
Ըստ նրա` իշխանությունների դեմ պայքարելու մեկ եղանակ կա` կառավարության եւ նախարարությունների աշխատելու հնարավորությունը սահմանափակելը:
«Արգելափակելով նախարարության եւ կառավարության շենքերը` իշխանությունը կկանգնի ճգնաժամի առաջ, մինչեւ դա ժողովուրդը չանի, ռեժիմը ճգնաժամ չի զգա»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am–ը, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներ`Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը եւ Անդրանիկ Մանուկյանը, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ:
Մի քանի ժամ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։ Նախաձեռնությունը այսօր հանրահավք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։




























