Ոստիկանությունից քիչ առաջ ազատ արձակվեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակիր  67–ամյա Հակոբ Նազարյանը, ում հայհոյել եւ ապտակել էր ոստիկանը։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Թեհրանից Հայաստան եկած Հակոբ Նազարյանը լսողության հետ խնդիրներ ունի եւ ոստիկանների հետ բախման ժամանակ վնասել է լսողական սարքը։

«Էդ հազար դոլար արժողությամբ  սարքը ինձ պետք չի, ինձ պետք է, որ ինքը գա ինձնից հրապարակային ներողություն խնդրի»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հակոբ Նազարյանը։

Հակոբ Նազարյանը պատմեց, որ ինքը ոստիկանին չի հայհոյել եւ չի հարվածել մինչեւ նրա ապտակը։ Ոստիկանության բաժանմունքում նրան հարցաքննել են եւ տվել դատաբժշկի ուղեգիր։

Հակոբ Նազարյանը, հայտարարեց, որ ինքը 27 տարի  ակտիվ մասնակցել է երկրում տիրող անարդարությունների դեմ մղվող պայքարին, եւ որ այս միջադեպը իրեն չի վախեցնի, նա շարունակելու է սատարել պայքարող երիտասարդներին։

Նշենք, որ  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը NEWS.am–ին ասել էր, որ ինքն ապտակելու դրվագը չի նկատել, սակայն եթե կա նման բան, ապտակող ոստիկանը խստագույնս կպատժվի։

Այս պահին իրավիճակը Հանրապետության հրապարակում կրկին լարված է, ոստիկանների եւ շարժման մասնակիցների միջեւ բախումները եւ վիճաբանությունները շարունակվում են։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am–ը, Հանրապետության հրապարակից բերման 1iն ենթարկվել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներ`Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ այլք, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ։ Նրանց ավելի ուշ ազատ էին արձակել։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։ Նախաձեռնությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։