ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարիքավոր ընտանիքի երեխաներին խորհուրդ է տալիս ընտրել ուսման հեռակա համակարգը եւ աշխատել` իրենց վարձավճարները վճարելու համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրը եւ նոր ուսումնական տարվա մեկնարկին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` Երեւանի 2-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ զրույցում:
«Աշխատելը ոչ թե ամոթ չէ, այլ պատիվ է, պատիվ: Ես էլ եմ 10-րդ դասարանում մեր դասարանի տղերքի հետ աշխատել կոշիկի ցեխում դասերից հետո: Որոշակի գումար էինք աշխատում, եւ այդ գումարով կարողանում էինք ինչ-որ բան անել մեր, կամ մեր ծնողների համար: Ուզում եմ` դուք երազեք, բայց էդ երազանքների համար պատրաստ լինեք ինքներդ ինչ-որ մի բան վճարեք, առաջին զոհողությունը դուք անեք: Բազմաթիվ հնարավորություններ կան այսօր սովորելու: Եթե ընտանիքը կարիքի մեջ է, կամ տեղափոխվեք հեռակա համակարգ, աշխատեք, կամ նորից փորձեք, անվճար ընդունվեք»,- աշակերտներին խորհուրդ տվեց նախարարը:
Արմեն Աշոտյանը աշակերտներին նաեւ հորդորեց ինքնակրթությամբ զբաղվել:
«Ես ուզում եմ դուք դառնաք self-made մարդիկ` ինքնակերտ մարդիկ: Դրա համար ուսուցիչը ձեզ կօգնի, նախարարին մի տեղ կբռնացնեք, մի բանով կօգնի: Բայց դուք պետք է ինքներդ ձեզ սարքեք: Ուզում եմ, որ սա մեր սերնդի մոտ մտնի ու նստի, թե չէ ֆիզիկա էլ կսովորեք, պետք լինի, Google կմտնեք մի բան կկարդաք, հետո կմոռանաք, ուզում եմ` բնավորության գծերը ձեր մեջ ճիշտ զարգանան: Բնավորության գծերը` soft skills, միշտ էլ կարեւոր են զարգացման համար, սա է ապագան»,- ասաց Աշոտյանը:





























