Նորվեգիայի խոշորագույն բանկերից մեկը՝ DNB-ն, պլաստիկ քարտ է թողարկել, որի վրա ոսկյա դրամների ֆոնին սապատաքիթ հրեա է պատկերված։ Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, վճարման քարտը առաջ է բերել «Ալելու» ֆոնդի դժգոհությունը։ Ֆոնդը, որը զբաղվում է աշխարհում Իսրայելի դրական կերպարի ձեւավորմամբ, բանկին մեղադրել է հակասեմականության մեջ։

Տեղեկանալով քարտի թողարկման մասին՝ ֆոնդի ներկայացուցիչը կապ է հաստատել բանկի հետ ու պարզաբանումներ պահանջել։ Որոշ ժամանակ անց ֆինանսական հաստատության աշխատակիցը հայտնել է, որ քարտի դիզայնն ընտրել է բանկի հաճախորդը, գրում է Lenta-ն։

Նրանք նշել են, որ սովորաբար բանկում ուշադիր են լինում հաճախորդների ընտրած պատկերների հետ, սակայն այս անգամ ստուգման համակարգը խոտան է ունեցել։

«Մենք ցավում ենք կատարվածի համար։ Այդ քարտը երբեք չպետք է թողարկվեր»,- ասված է հայտարարության մեջ։

Բանկից նշել են, որ քարտը կարգելափակվի, իսկ հաճախորդին ավելի չեզոք դիզայնով վճարման միջոց կտրամադրեն։