Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները 2015 թվականին կմթերեն խաղող ամբողջ անհրաժեշտ ծավալը: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին ասաց Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով, այս տարի, 2014 թվականի համեմատ, 10-15%-ով ավելի բերք է ակնկալվում. շուրջ 290-295 հազար տոննա: Անցյալ տարի հավաքված 261 հազար տոննա խաղողից մթերվել է 184 հազարը: «Մենք բանակցել ենք վերամշակող ձեռնարկությունների հետ, որոնք կրկին համաձայնել են մթերել խաղող անհրաժեշտ ամբողջ ծավալը»,- հավելեց նախարարը:

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանի խոսքով էլ, վաճառքի ծավալներն առավելագույն կպահպանվեն, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ բերք մթերել նաեւ այս տարի:

«Ռուսաստանում, որը շարունակում է մնալ մեր հիմնական գործընկերը եւ ընդունում է մեր արտահանման 70%-ը, ռուբլու արժեզրկման պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում: Բայց մեր գերնպատակը հնարավորինս շատ խաղող մթերելն է, որպեսզի ֆերմերների բերքը չկորչի»,- ընդգծեց Առաքելյանը: