Ամեն անգամ իրականությունը խեղաթյուրելը եւ աղավաղված ներկայացնելը եվրոպացիներին՝ ադրբեջանցիների հիմնական ձեռագիրն է: Այս մասին, հոկտեմբերի 1-ին՝ ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը, «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ հակադարձելով ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկին, ով իր նախորդող ելույթում  փորձել էր ցեխ շպրտել Հայաստանի վրա:

«Այս անգամ ադրբեջանցին գերազանցեց ինքն իրեն եւ տրամաբանական բոլոր նորմերը եւ իրականում շատ ծիծաղելի ստացվեց, շատերը նիստերի դահլիճում ներկաներից ժպտում էին, իսկ ոմանք էլ պարզապես ծիծաղում: Եվ իրոք, գործերի այն վիճակում, որ առկա է Ադրբեջանում եւ որի մասին արդեն  յուրաքանչյուր նիստում աղաղակում է Վեհաժողովի մեծամասնությունն ու արժանանում  անգամ Վեհաժողովի նախագահի լիագումար նիստի բացման խոսքում բարձրաձայնվելուն, իսկ մարդու իրավունքների պաշտպան Մուժնիեքսի հայտարարած կարծիքը այն մասին, որ Ադրբեջանում չկա որեւէ մեկը, որ համագործակցենք նրա հետ, քանի որ բոլոր մեր գործընկերները նետված են բանտերը, դարձել է Վեհաժողովի թեւավոր խոսքը, այս ֆոնին որեւէ մեկին մատնացույց անելու համար պետք է իսկապես շատ «ադեկվատ լինել», - ասել է Հերմինե Նաղդալյանը:

Նա նաեւ նշել է, որ իրականում ադրբեջանցի պատվիրակը հստակ նկարագրել է իրավիճակը սեփական երկրում, սակայն, միտումնավոր խառնել երկրների անունները, կարծես վերջինս առնվազն լուսնի վրա է գտնվում եւ հեռու իր երկրում տեղի ունեցող աղաղակող իրողություններից:

«Նրանք, ովքեր ապրում են ապակյա տան մեջ, չպետք է քարեր նետեն»,- ադրբեջանցի գործընկերոջն է ուղղել իր ռեպլիկը հայկական պատվիրակության ղեկավարը: