Տավուշի մարզում նախօրեին զինվորական մեքենայի վթարի ենթարկվելու հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Բաբկեն Սարուխանյանը մոտ 8 տարի ծառայում էր Զինված ուժերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը, որի համագյուղացին է մահացած զինծառայողը:

«Մեքենայում երկուսով են եղել, դեպքի մանրամասները չգիտենք: Իրավապահ մարմինները զբաղվում են»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Բաբկեն Սարուխանյանը 3 զավակ ունի:

Ավելի վաղ ՊՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ 2015թ. հոկտեմբերի 14-ին Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան մի քանի մետր գլորվել է ձորը, մահացել է մեքենայի վարորդ, 50- ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: