ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի վերաբերյալ Հայաստանի պատվիրակությունը պետք է իր դիրքորոշումն հայտնի մինչեւ 2016թ. հունվարը։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբ Ուոլթերի ներկայացրած հակահայկական զեկույցին, որը պետք է ներկայացվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։
Վարդանյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը, որը բաղկացած է 83 մարդուց, իմանա զեկույցի մասին եւ իր կարծիքն արտահայտի այդ հարցով։ Շատերն ուղղակի չգիտեն, թե ինչի մասին է այն, եւ քննարկումներին չեն ներկայանում։ Գալիս են միայն Ադրբեջանի լոբբիստները, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պատգամավորների մեծ մասը կողմ է։ «Հայկական խորհրդարանական պատվիրակությունը պետք է ուս ուսի տված աշխատի եւ եվրոպացի գործընկերներին ցույց տա, թե ինչն է համապատասխանում իրականությանը, իսկ ինչը ՝ ոչ։ Չսպասելով հունվարին ԵԽԽՎ լիագումար նիստին՝ պետք է քննարկումներ անցկացնել խմբակցությունների հետ եւ պաշտոնական հայտարարություն անել։ Եվրոպական կառույցները պետք է հասկանան, որ ի դեմ մեզ՝ գործ ունեն հայկական պետության հետ»,- ասել է ՀՅԴ պատգամավորը։





























