Վատիկանը մի փաստաթուղթ է հրապարակել, որտեղ կաթոլիկներին կոչ է անում հրաժարվել հրեաներին քրիստոնյա հավատքի բերելու փորձերից ու ձգտել նրանց հետ համագործակցել հրեատեցության դեմ պայքարում, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian թերթը

Ըստ այս փաստաթղթի, որի հեղինակը հրեաների հետ կրոնական հարաբերությունների հարցերով վատիկանյան հանձնաժողովն է, քրիստոնեությունն ու հուդայականությունը սերտորեն կապակցված են, իսկ կաթոլիկներն ու հուդայականները «մեկ աստծո են հավատում»: Փաստաթուղթը հավաստիացնում է, որ կաթոլիկ եկեղեցին «չի աջակցում հրեաներին ուղղված որեւէ ինստիտուցիոնալ միսիոներական աշխատանքների»: Փորձագետ Դեւիս Քեսսլերի խոսքով, սա առաջին դեպքն է, երբ հրեաներին քրիստոնեական հավատքի բերելու փորձերից կաթոլիկների հրաժարումն այսքան հստակ ամրագրված է փաստաթղթում:

«Քրիստոնյան չի կարող հրեատյաց լինել, հատկապես քրիստոնեության հրեական արմատների պատճառով»,- վստահեցնում է փաստաթուղթը:

Նշում են, որ փաստաթուղթը հրապարակվել է Երկրորդ Վատիկանյան ժողովի ավարտի հիսունամյակի կապակցությամբ: Այս ժողովը փորձել էր «վերջ տալ հրեաների բազմադարյա հետապնդումներին»: ժողովի մասնակիցները հրաժարվել էին Քրիստոսի խաչելության համար հրեա ժողովրդի հավաքական պատասխանատվության հայեցակարգից, դատապարտել էին հակասեմականությունն ու շեշտել երկու դավանանքների ընդհանուր ժառանգությունը: