Բելառուսում Ամանորի պարտադիր ատրիբուտներից է «կուտյան»: Դա շիլա է, որը պատրաստում են գարուց:Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելառուսի հանրապետության Արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։
Դիվանագետի խոսքով՝ Նոր տարին ու Սուրբ ծնունդը այն հրաշքն է, որը մենք ակնկալում ենք որպես ինչ որ հեքիաթ, որպես ինչ -որ կախարդանք, նորություն:
«Բելառուսները հին ավանդույթներ ունեն, որոնք սկիզբ են առնում հեթանոսական ժամանակներից, օրինակ, «կոլյադավորման» ժողովրդական ծիսակատարությունը: «Կոլյադաները» հենց Սուրբ ծնունդի տոնակատարությունն են: «Коляда» բառը երկու ստուգաբանություն ունի՝ ոմանք ասում են, որ այն առաջացել է colendae բառից՝ (յուրաքանչուր առաջին ամսվա լատինական անվանումը), բայց մյուսներն էլ կարծում են, որ այն առաջացել է «коло», «колесо՝ այսինքն արեւ բառից: Եթե նայենք փաստացի օրացույցին, ապա այդ տոնի ժամանակաշրջանը համընկնում է ձմեռային գիշերահավասարին, երբ դեկտեմբերի 25 –ի լույս 26-ի գիշերվանից ցերեկը սկսում է երկարել: Ժողովրդի մեջ դա նաեւ անվանում են արեւադարձ, այսինքն արեւը շրջվում է դեպի ամառ»,- ասել է Նազարուկը։
Դիվանագետը նշել է, որ հին բելառուսների մոտ եղել է հեթանոսական աստվածություն՝ Զյուզյա անունով: Դա ծերունի է՝ ցածրահասակ, երկար սպիտակ մորուքով: «Նա բոբիկ քայլում է ձյան վրայով՝ ձեռքին գավազան եւ ապրում է անտառում: Եթե նա մոտենա գյուղին, ու նրան չհյուրասիրեն, ապա նա այդ գավազանով սկսում է հարվածել կոճղին, ու այդ տարածքում ուժեղ ձյուն է գալիս, խիստ սառնամանիքներ են սկսվում: Իսկ եթե նրա սիրտը շահեք, համապատասխանաբար լավ եղանակ կլինի, ուրախություն:
Երբ սեղանի շուրջ սկսում են «կուտյա» ուտել, առաջին գդալն անպայման պատուհանից դեն են նետում: Համարվում է, որ ծերունի Զյուզյան կուտի այն ու ավելի գթասիրտ կլինի»,- ասել է դեսպանը։



























