Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման. նրա ներթափանցումը հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության անկում: Դեկտեմբերի 31-ից հանրապետություն կներթափանցեն արկտիկական հոսանքներ, ինչի արդյունքում հատկապես ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:
Եթե մինչեւ դեկտեմբերի 30-ը Երեւանում կանխատեսվում է ցերեկը +5...+7 աստիճան, ապա դեկտեմբերի 31-ի եւ հունվարի 1-ի ցերեկային ջերմաստիճանը չի բարձրանա -2 աստիճանից: Հունվարի 1-ից հետո հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի լուրջ նվազում:
Այնպես որ Նոր տարին Հայաստանը կդիմավորի խիստ ձմռան պայմաններում:



























