Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Մարիա Ֆլախսբարթի, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Բեհրենդթի ու Բունդեսթագի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերհարդ Ռակենիուսի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ) ծրագրի ընթացքին առնչվող հարցեր: Ծրագիրը նախատեսված է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բուհական կրթություն ունեցող երիտասարդ մասնագետների համար: Ծրագրի նպատակն է պետական կառավարման համակարգի, կուսակցությունների, լրատվամիջոցների եւ բուհերի երիտասարդ աշխատակիցներին Գերմանիայի խորհրդարանական կառավարման համակարգին ծանոթացնելը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Գերմանիայի Բունդեսթագի միջեւ քաղաքական շփումների ակտիվացումը, որը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Հույս հայտնելով, որ ՄԽԿ ծրագիրը շարունակական եւ արդյունավետ ընթացք կունենա` տիկին Զոհրաբյանն առաջարկել է հնարավորության դեպքում հայ կրթաթոշակակիրների թիվն ավելացնել, հույս հայտնելով, որ Գերմանիայի Բունդեսթագում հայ կրթաթոշակառուների ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու փորձը կծառայեն խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին Զոհրաբյանը նշել է, որ ծրագրին վերաբերող բոլոր առաջարկները կներկայացնի  ԱԺ նախագահին: