Հետազոտողները վերլուծել են կինոթատրոնում օդը տարբեր ֆիլմերի ցուցադրության ընթացքում: Պարզվել է, որ օդի կազմությունը փոխվում է կախված այն բանից, թե հանդիսատեսն ինչ հույզեր է ունենում, հայտնում է Gazeta-ն: 

Գուտենբերգի համալսարանից գերմանացի գիտնականները Մաքս Պլանկի ինստիտուտի քիմիկոսների հետ միասին մասշտաբային հետազոտություն են իրականացրել ավելի քան 9,5 հազար մարդու մասնակցությամբ, որոնք 16 ֆիլմ են դիտել, մասնավորապես կատակերգություններ` («Ուոլթեր Միտտիի աներեւակայելի կյանքը»), ֆենթեզի  («Հոբբիթ») եւ այնպիսի թրիլլերներ, ինչպիսիք են «Քաղցած խաղեր – 2»-ը: Գիտնականները կինոթատրոնի օդափոխման համակարգում զանգվածային սպեկտրաչափ են տեղադրել:  Այս մեթոդը նրանց հնարավորություն է տվել «կշռել» գազի մոլեկուլները եւ որոշել, թե ինչ տեսակ են եւ որքան:   Հետազոտողներին հաջողվել է արձանագրել, թե ինչպես է փոխվում օդի կազմությունը կախված ֆիլմի տարբեր տեսարաններից:   Օգտագործելով ստացված տվյալները` գիտնականները կարողացել են նույնիսկ կռահել, թե ֆիլմի ինչ տեսարաններ են համապատասխանում օդի որոշակի կազմի: 

««Քաղցած խաղեր– 2»-ի ընթացքում օդում ածխաթթու գազի եւ իզոպրենի մակարդակը աճել է, երբ գլխավոր հերոսուհին պայքարել է իր կյանքի համար», – ասել է հետազոտողներից մեկը` Ջոնաթան Ուիլյամսը:  Ածխաթթու գազի բացատրություններից մեկը հանդիսատեսի հուզմունքն է, որոնք սկսում են ավելի հաճախակի շնչել ֆիլմի լարված պահերին:  Իզոպրենի դերն առայժմ շատ հստակ չէ: Գիտնականները ենթադրում են, որ այն մեծ քանակությամբ արտազատվում է սթրեսի կամ մկանային ակտիվության ընթացքում: Իզոպրենի բարձր մակարդակ է արձանագրվել ֆիլմի եզրափակիչ  ճակատամարտի տեսարանում:  

Երբ մարդիկ տխուր պահեր են տեսել, օդում զգալիորեն մեծացել է պոլիսիլոքսանի խտությունը. այս նյութն օգտագործվում է շամպուններում եւ դիմահարդարման միջոցներում: Գիտնականները ենթադրում են, որ այդ նյութն արտազատվել է   մարմնի ջերմաստիճանի փոփոխության պատճառով: 

Այն մեթոդները, որոնք օգտագործվել են աշխատանքում, կարող են կիրրառվել հոգեբանության եւ բժշկության ոլորտում, ինչպես նաեւ կարող են շատ օգտակար լինել գովազդային հոլովակների ստեղծման մեջ: