Հյուսթոնի համալսարանի եւ Թեքսասի տրանսպորտի ինստիտուտի մասնագետները պարզել են, որ մինչ վարորդի` SMS հաղորդագրություններով շեղվելը մեծացնում է վթարի ենթարկվելու ռիսկը, մտածկոտությունը եւ հուզական ապրումները, ընդհակառակը, նպաստում են վարելուն, հայտնում է Lenta-ն:
Գիտնականները 59 կամավորի առաջարկել են մեքենայի սիմուլյատորով չորս անգամ անցնել ճանապարհի նույն հատվածը: Մեկ դեպքում վարորդը կարողացել է հանգիստ գնալ, ոչնչով չշեղվելով. մյուս դեպքերում նա մտքում որոշակի խնդիրներ է լուծել, պատասխանել է հարցերին, որոնք պիտի հուզական արձագանք առաջացնեին կամ էլ պատասխանել է տեքստային հաղորդագրությունների: Բոլոր չորս փորձարկումները մասնակիցն անցել է հերթով, պատահական հերթականությամբ:
Յուրաքանչյուր տարբերակում, բացառությամբ վարելու նորմալ պայմանների, կամավորը նյարդայնություն է դրսեւորել: Տեքստային հաղորդագրությունների դեպքում դա հանգեցրել է ղեկի վտանգավոր շեղման, ինչը մեծացրել է վթարի ենթարկվելու ռիսկը: Սակայն շեղող այլ գործոնները հանգեցրել են նորմայից նույնիսկ ավելի խնամքով վարելու:
Գիտնականների խոսքով, այս պարադոքսի հնարավոր բացատրություն կարող է լինել ուղեղի այն գոտու ակտիվությունը, որը հայտնի է դիմային գոտիական ոլոր անվանումով: Այն դեպքում, երբ հակամարտություն է արձանագրվում տարբեր գործունեությունների միջեւ, այս հատվածը սխալները շտկողի դեր է կատարում: Տվյալ դեպքում հակամարտությունը տեղի է ունենում կոգնիտիվ, հուզական եւ սենսոմոտորային գործոնների հետեւանքով: Դա բարձրացնում է վարորդի ֆիզիոլոգիական սթրեսի մակարդակը, արդյունքում «խփիր կամ փախիր» արձագանքը ելք է գտնում ղեկի վրա ձեռքերը քաշքշելու մեջ:
Դիմային գոտիական ոլորը շտկում է ձեռքերի շարժումները, ինչը ուղիղ վարելու է հանգեցնում: Սակայն դա անհրաժեշտ է, որպեսզի վարորդի աչքերը ճանապարհին նայեն: Տեքստային հաղորդագրությունների դեպքում նման բան չի լինում, եւ ուղեղը չի կարող շտկել ղեկի շեղումը: Յուրահատուկ վեցերորդ զգայարանը չի օգնում մարդուն, ինչը մեծացնում է վթարի ռիսկը:
Գիտնականները պատրաստվում են սկսել ավտոմատ համակարգերի մշակումը, որոնք կստանձնեն գոտիական ոլորի դերը` վարորդին տեղեկացնելով մեքենայի վտանգավոր շեղման կամ ձեռքեր դողի մասին:




























