Հունիսի 10-ին մեկնարկեց Եվրո 2016-ը՝ տարվա ամենասպասված ֆուտբոլային իրադարձությունը: Չորս տարին մեկ Եվրոպան որոշում է իր ուժեղագույն թիմին: Ինչպես միշտ՝ մրցաշարը բացում են տանտերերը, այս անգամ՝ ֆրանսիացիները: Բուքմեյքերների կարծիքով, նրանք մրցաշարի ֆավորիտներն են:

Եվրո 2016-ի բացման արարողությունը, ինչպես նաեւ առաջին խաղը երազանք են յուրաքանչյուր երկրպագուի համար: Ինձ համար նույնպես մեծ երջանկություն էր առաջնության բացման խաղին ներկա գտնվելը: Խաղը եւ բացումը միասին շուրջ երկու ժամ տեւեցին, իսկ խաղից առաջ ու հետո ապրումները՝ տասնյակ անգամ ավելի շատ:

Պատմությունս սկսեմ նրանից, որ Եվրո 2016-ին հավատարմագրում ստանալը դեռեւս չի նշանակում, որ կարելի է ներկա գտնվել բացման խաղին: Հատկապես, եթե մի երկրի ներկայացուցիչ եք, որը չի մասնակցում առաջնությանը:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Խաղից մի քանի ժամ առաջ շարժվեցի դեպի Սեն Դենիի «Ստանդ դե Ֆրանս» մարզադաշտ: Փարիզում բնակվում եմ 17 թաղամասում, որով անցնող մետրոյի գիծը տանում է հենց Սեն Դենի: Ճանապարհը տեւում է 15 րոպե, բայց, ինչպես ասում են, սա այդ դեպքը չէր: Մետրոն եկավ, դռները բացվեցին եւ ճզմված մարդիկ դռներից կախված մնացին:

Վագոնները լի էին, իսկ ներս մտնել ցանկացողների թիվը նույնպես քիչ չէր: Վագոնավարը ձեռքով արեց, իբր ի՞նչ կարող եմ անել: Մի կերպ հաջողվեց նստել: Առաջին անգամ ինձ չիփսի կարգավիճակում զգացի: Զգացի, որ հենց կողքիս շատ տարօրինակ երիտասարդ է կանգնած, ձեռքին՝ մուգ գույնի պայուսակ: Նյարդային աջ ու ձախ էր նայում, հեռախոսով ինչ-որ մեկին հաղորդում յուրաքանչյուր կանգառը: Այդ պահին սկսեցի պատկերացնել, որ հիմա բոլորս պայթելու ենք, ու կյանքս անցավ աչքերիս առջեւով: Սա այն համատարած վախի մթնոլորտի արդյունքն էր, որը վերջին ամիսների ընթացքում շրջում է Եվրոպայում: Հետո մետրոյի ուղեւորները միաբերան սկսեցին երգել «Allez les blues, Vive la France», գնացքը ֆուտբոլային ազդանշաններ տվեց, եւ հիշեցի, որ գնում եմ Եվրո 2016-ի բացման խաղին:

Մետրոյից դուրս եկողներին տեղում ներկում էին Ֆրանսիայի դրոշի գույներով:

Ի զարմանս ինձ՝ Ռումինայի երկրպագուները նույնպես շատ էին՝ 15 հազար մարդ. հյուսիսային տրիբունայի կեսը նրանք էին: Արդեն պատմել եմ, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարզադաշտի մոտ ուժեղացված հսկողություն էր սահմանված:

Մարզադաշտի դիմաց տոմսերը եռակի թանկ էին վաճառվում, VIP գոտու տոմսերի գինը մինչեւ 7000 եվրոյի էր հասնում: Նշեմ, որ միայն մարզադաշտերի վերականգնման ու կառուցման համար Ֆրանսիան 1.7 միլիարդ եվրո է ծախսել: Ֆրանսիացիներն անընդհատ պատմում էին, որ այս մրցաշարն իրենց պետք չէ, քանի որ երկրում բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան: Գնացքների ու ավտոբուսների վարորդների գործադուլին միացան նաեւ օդաչուները, բայց այս ամենը մնաց մարզադաշտից դուրս: Երբ խաղում է Ֆրանսիան, եւ երբ հաղթում է, ամեն ինչ մոռացվում է:

Լեփ-լեցուն «Ստադ դե Ֆրանս»-ը սպասում էր Եվրո 2016-ի բացմանը: Առաջին անգամ տեղ էի զբաղեցրել ոչ թե լրագրողների, այլ մեկնաբանների հատվածում: Ինձանից աջ նստած էր Ռուսաստանի ամենահայտնի մեկնաբաններից Վլադմիր Ստոգնիենկոն, որը մեկնաբանում էր բացման խաղը, իսկ ձախից՝ Ֆրանսիայի նախկին աստղ Բիկսանտ Լիզարազյուն, որը նույնպես որպես մեկնաբան էր աշխատում ֆրանսիական հեռուստատեսությունում: Ներքեւում Կարամբեն ու Մաթեուսն էին, քիչ ավելի ներքեւ՝ ֆուտբոլային այլ աստղեր:

Եվրո 2016-ի բացման արարողությունից մեկ ամիս առաջ բոլոր հեռուստաալիքները ցուցադրում էին Դեւիդ Գետայի ու Զառա Լարսոնի կատարմամբ առաջնության օրհներգը: Բացմանը, իհարկե, հնչեց հենց այս կատարումը: Ի դեպ, վերջին օրերին Գետան Ֆրանսիայում ամենուր է:

Խաղադաշտը վերածվեց ուրախ Ֆրանսիայի. ուրախ կարուսելներ, 600 պարողներ, հետո էլ Ֆրանսիայի խորհրդանիշերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, իսկ օդում ինքնաթիռները Ֆրանսիայի դրոշի գույներով հետք թողեցին: Տրիբունաներում բոլոր 24 հավաքականների դրոշներն էին, հնչեցին օրհներգերը ու սկսվեց խաղը:

Առաջին խաղակեսը տխուր ստացվեց, երկրորդը՝ շատ ավելի ուրախ: Խաղի գլխավոր հերոս դարձավ Դմիտրի Պայետը՝ գոլ եւ գոլային փոխանցում: Ի դեպ, այս երիտասարդը տասը տարի առաջ խանութում վաճառող էր աշխատում, իսկ այսօր արդեն Ֆրանսիայի ուրախությունն է:

Ֆրանսիացիներն ուրախ էին, ռումինները՝ հիասթափված: Բայց այս խաղով ապացուցեցին, որ դեռ ասելիք ունեն Եվրո 2016-ում: Ի դեպ, Ռումինիան Հայաստանի ազգային հավաքականի ապագա մրցակիցն է:

Խաղից հետո միքս-գոտում ֆրանսիացի ֆուտբոլիստների մեծ մասը տխուր էին, կարծես հաղթել էին, բայց արագորեն շտապում էին դուրս գալ մարզադաշտից: Պատճառը՝ ոչ այդքան տպավորիչ խաղն էր: Անտուան Գրիզմանը, որն ամենաշփվող ու բարի ֆուտբոլիստներից է, պարզապես վազելով հեռացավ: Եվ միայն սովորաբար սառնասիրտ Պոլ Պոգբան հանգիստ ժպտալով դուրս եկավ, անգամ հասցրեց լուսանկարվել լրագրողներից մի քանիսի, այդ թվում՝ ինձ հետ...

Ամենահետաքրքիրը սպասվում էր խաղից հետո: Մետրոն աշխատում է մինչեւ ժամը 00:30-ը, տաքսի չկա, իսկ հյուրանոց հասնել պետք է: Բայց ահա մի տաքսի մոտեցավ, եւ հազիվ էի հասցրել ուրախանալ, երբ վարորդը տեղեկացրեց. սովորական 15 եվրոյի փոխարեն այսօրվա գինը 80 եվրո է: Ինչ արած, ստիպված էի համաձայնել: Իսկ հետո ամբողջ գիշեր հանգիստ չէին թողնում հյուրանոցի շենքի հարեւանությամբ բարում հավաքված երիտասարդների աղմուկը, ովքեր ամբողջ գիշեր Ale, Ole էին երգում, կարծես արդեն չեմպիոն են... Ինչ-որ ներքին ձայն ինձ ասում է, որ այդպես էլ լինելու է... Համենայն դեպս՝ 1998-ին այդպես եղավ: Եվ սա միայն Եվրո 2016-ի առաջին օրն էր... Ամեն ինչ դեռ առջեւում է...

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Ֆրանսիայից