Գրականության հանդեպ սերը կարող է զգալիորեն ավելացնել կյանքի տեւողությունը: Երկարամյա հետազոտությունը, որն իրականացրել են Յելի համալսարանի աշխատակիցները, ցույց է տվել, որ մարդիկ, որոնք պարբերաբար  գիրք են ընթերցում, միջինը երկու տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, որոնք չեն սիրում կարդալ:

Գիտնականները մասշտաբային հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է 3,5 հազար մարդ: Փորձարկումների մասնակիցները, որոնց միջին տարիքը կազմել է 50, բաժանվել են երեք խմբի՝ կախված այն ժամանակահատվածից, որոնք նրանք տրամադրել են ընթերցանությանը: Առաջին խմբում նրանք են եղել, որոնք ընդհանրապես գիրք չեն կարդում, իսկ երրորդ խմբում նրանք, որոնք շաբաթական 3,5 ժամից ավելի ընթերցանությամբ են զբաղվել, գրում է Planet Today-ը:

12 տարի շարունակ հետեւելով հետազոտության մասնակիցներին, գիտնականները նկատել են, որ ընթերցասերների մոտ (ի դեպ, ամենաընթերցասերը բարձրագույն կրթությամբ եւ բարձր եկամուտ ունեցող կանայք են) մահացություն ավելի քիչ է: Ընթերցասերների մոտ այդ 12 տարվա ընթացքում մահացությունը 23 տոկոսով պակաս է եղել: