ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ  իրականացված «Հայաստանի բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրությունը» շատ հետաքրքիր արդյունքներ է արձանագրել:

Ըստ այդ ուսումնասիրության պարզվել է, որ.

Հայաստանում առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքների եկամտի կառուցվածքում աշխատավարձը կազմում է 21 տոկոս, հարազատներից ստացվող դրամական օգնությունը`20 տոկոս, այլ դրամական օգնությունը`9 տոկոս, այլ եկամուտները`12 տոկոս, իսկ պետական սոցիալական վճարները` 38 տոկոս:

Ընտանիքների կենսունակությունն այսօր զգալիորեն կախված է դրսում ապրող անդամների կողմից ուղարկվող գումարներից (ամսական միջին հաշվակով մոտ 35000 դրամ), որը, սակայն, կրում է ոչ պարբերական բնույթ:

Սոցիալ-տնտեսական ծանր պայմանների եւ գործազրկության հետեւանքով առաջնայինն այսօր անհատի համար աշխատանք գտնելու խնդիրն է, ոչ թե դրա համապատասխանությունը մասնագիտական հմտություններին կամ կրթական ցենզին:

Երբ գործարար կամ բարձր վարձատրվող աշխատանք ունեցող կինը կանգնում է ընտրության առջեւ` երեխա, թե՞ կարիերա, նա հիմնականում ընտրում է վերջինը: Երկրորդ եւ հաջորդ երեխայի ծնունդն ընդհանրապես դրվում է հարցականի տակ:

Ուսումնասիրության արդյունքներով ընտանիքների երեք ամիս եւ ավել ժամկետով բացակայող (արտագնա աշխատանքի մեկնած) անդամների թիվը կազմել է 3,4 տոկոս, որոնց 67,9 տոկոս-ը գտնվում են Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում, 1,8 տոկոսը` ԱՄՆ-ում ու Եվրոպայի երկրներում:

Տնային տնտեսությունների անդամների ամուսնական կարգավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ կանանց շրջանում բարձր տոկոս են կազմում այրիները (14.2 տոկոս) եւ ամուսնալուծվածները (3.7 տոկոս): Կին-տղամարդ կտրվածքով համեմատելու դեպքում ստացվում է. այրի կին` 85 տոկոս, այրի տղամարդ`15 տոկոս եւ ամուսնալուծված կին` 88 տոկոս, ամուսնալուծված տղամարդ`12 տոկոս: