Երեւանի պետական համալսարանի վիրտուալ հայագիտության բաժինն իր աշխատանքներն սկսել է 2 տարի առաջ, սակայն առավել ակտիվ աշխատանքներ տարվում են վերջին մեկ տարում։ Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  ԵՊՀ վիրտուալ հայագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, կառույցի վերջին 1 տարվա աշխատանքների ակտիվացումը պայմանավորված է իրենց ինստիտուտի պաշտոնական կայքէջի՝ armin.am-ի բացմամբ։

«Մենք առաջին մեկ տարվա ընթացքում հետազոտեցինք դաշտը եւ հասկացանք, որ տեղեկատվական քարոզչության մեջ լուրջ բաց կա հայագիտական նյութերի ուսումնասիրության հարցում։ Մեր նպատակը ինտերնետում հայագիտության տարածումն է , ինչպես նաեւ հակահայագիտական նյութերի վերհանումն ու ուսումնասիրությունը»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իրենց հայտնաբերած ամենամեծ բացը ազատ ընթեռնելի նյութերի պակասն է, ինչը չի կարելի ասել ադրբեջանական պատմագիտական կայքերի մասին։

«Ադրբեջանն այս հարցում բավականին առաջ է անցել։ Խնդիրը լուծելու համար մեր կայքում էլեկտրոնային գրադարան ենք ստեղծել, որտեղ տեղադրված են 2 տասնյակ հայագիտական-պատմագիտական գրքեր՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության եւ հայ-ազատագրական պայքարի մասին։ Մյուս կողմից լրացրեցինք եւս մի կարեւոր բաց՝ կայքում տեղադրեցինք նոր քարտեզներ, պատմավավերագրական փաստաթղթեր եւ այլն»,- տեղեկացրեց ԵՊՀ վիրտուալ հայագիտության բաժնի վարիչը՝ ավելացնելով, որ ինստիտուտը 2010 թվականի դեկտեմբերին պատրաստվում է հրապարակել նաեւ հակահայագիտական տրամադրություններ ստեղծող եւ տարածող թուրքական եւ ադրբեջանական առավել հեղինակավոր կայքերի անունները պարունակող գրքույկ։ «Ընդ որում, հակահայ կայքերի ստեղծման եւ նյութերի տարածման հարցում առաջ անցնելով Թուրքիայից՝ վերջին տարիների ընթացքում դրոշակակիրն Ադրբեջանն է դարձել։ Բոլոր նմանօրինակ կայքերը հսկայական գումարներ են ծախսում քարոզչության վրա եւ այդ աշխատանքները չեն կարող իրականացվել առանց պետական աջակցության»,- տեսակետ հայտնեց Հովհաննիսյանը։